ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Տոլմա նշանակում է խաղողածին, և այն ամբողջովին հայկական ուտելիք է» (ֆոտոշարք)

«Տոլմա նշանակում է խաղողածին, և այն ամբողջովին հայկական ուտելիք է» (ֆոտոշարք)
12.07.2012 | 19:15

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ «Սարդարապատի» հուշահամալիրում հուլիսի 11-ին անցկացվեց «Տոլմայի հայկական», արդեն ավանդական դարձած, երկրորդ փառատոնը:

«Միջոցառումը հիմնականում նպատակաուղղված է հայ ավանդական կերակրատեսակների մասսայականացմանը, հայկական խոհանոցի ամրագրմանն ու նրա ավանդական արժեքներից մեկի` տոլմայի, որպես հինավուրց կերակրատեսակի, նաև Հայաստանում գտնվող հյուրերին և զբոսաշրջիկներին ցուցադրել-հյուրասիրելուն: Այն միաժամանակ ուղղված է նշված ուտեստի թուրքական ծագման վերաբերյալ տարածված թյուր կարծիքը հերքելուն», - «Իրատես de facto»-ին ասաց կազմակերպության նախագահ ՍԵԴՐԱԿ ՄԱՄՈՒԼՅԱՆԸ:
Նրա խոսքերով, տոլման, որը ծագում է հին հայերեն «տոլի» բառից, նշանակում է խաղողի վազ: Տոլման հին հայկական մատյաններում հիշատակվել է այն ժամանակվանից, երբ Արարատյան դաշտում տնկվել է խաղողի առաջին վազը: «Տոլմա նշանակում է խաղողածին, և այն ամբողջովին հայկական ուտելիք է, ուրիշ ոչ մի ազգ դրա ծագման ուղղությամբ բանավիճել և այն իր ազգային ուտեստը համարել չի կարող: Այստեղ միայն ապացուցման խնդիրն է, որն արդեն վերահաստատվել է»,- ասաց Սեդրակ Մամուլյանը:
Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, կարևորելով փառատոնի եզակի լինելը, նշեց, որ միջոցառման վայրի ընտրությունը նույնպես պատահական չէ: «Սարդարպատի» հուշահամալիրը, հողի մշակի հպարտության խորհրդանիշը լինելուց բացի, մեր հին ու ավանդապաշտ ժողովրդի արարուն մտքի ու բազկի անձնագիրն է, որի պատերի մեջ դեռևս արթուն է հայի ազատաշունչ ոգին: Մեր ազգային ուտեստներն ու կերակրատեսակները, դրանց թվում` նաև ազգային ու հարազատ տոլման, դարերի ճանապարհ անցնելով, առայսօր պահպանել են իրենց անաղարտությունը: Համաշխարհայնացման ներկա պայմաններում գնալով խիստ կարևորվում են դրանց պահպանումն ու սերնդեսերունդ փոխանցումը»,- եզրափակեց մարզպետը:
«Հայ տատերն ու մայրերը մեծ ժամանակի մեջ շեն պահելով մեր հինավուրց օջախները` իրենց բարի ու գուրգուրող ձեռքերով հյուսել են մեր ամենասիրելի կերակրատեսակը` տոլման, այն դարձնելով հանապազօրյա հացի ընկեր: Չկա մի հայ ընտանիք, որի հին ու նոր տարեգրության մեջ տոլման չունենա իր զարդարուն տեղը, անձնահատուկ համով ու հեղինակությամբ իր շուրջը չհավաքի փոքրերին ու մեծերին: Դա ոչ թե սովորույթ է, այլ մեծ ավանդույթի վկայություն, որ իսկապես օջախային իր կենսագրությամբ դուրս է եկել նաև Հայաստանի սահմաններից։ Այդ կարծիքին էին դերասան Ռաֆայել Քոթանջյանը, միջոցառման աջակից` «Սերունդ հայապահպան» կազմակերպության փոխնախագահ Էդուարդ Սարիբեկյանը, ՀՀ մշակույթի նախարարության, մշակութային ժառանգության վարչության գլխավոր մասնագետ Երանուհի Մարգարյանը:
Նշենք, որ փառատոնի շրջանակներում բացվել էր 22 տաղավար, որտեղ անհատ քաղաքացիներն ու ռեստորանների խոհարարները ներկայացրել էին իրենց ձեռքով պատրաստած հայկական այդ յուրահատուկ ուտեստի շուրջ յոթանասուն տարատեսակ` միաժամանակ ցուցադրելով դրանց պատրաստման ձևերն ու եղանակները:
Փառատոնի շրջանակներում անցկացվեց մրցույթ, որի ժամանակ ամենալավ խոհարարներին և պատրաստողներին հանձնվեցին «Լավագույն համ ու հոտ», «Լավագույն ձևավորում», «Լավագույն մտահղացում», «Լավագույն տաղավար», ինչպես նաև գլխավոր` «Հատուկ գավաթ» մրցանակները: Բոլոր տաղավարների գլխավոր ներկայացուցիչներին հանձնվեցին փառատոնը խորհրդանշող մեդալներ: Հյուրերի և զբոսաշրջիկների համար անցկացվեց նաև գեղարվեստական ծրագիր, որի շրջանակներում իրենց կատարումներով հանդես եկան Արմավիրի մարզի երաժշտական, ինչպես նաև ազգագրական «Սասնա ծռեր» և «Թիթեռնիկներ» երգի-պարի համույթները: Միջոցառման ժամանակ հայ ազգագրագետները բեմից պատմեցին-ներկայացրին հայկական ծեսերից դրվագներ` ծանոթացնելով նաև «Սարդարապատի» հուշահամալիրի մշակութային պատմությանը:
Փառատոնին ներկա էին նաև ՀՀ սփյուռքի, էկոնոմիկայի նախարարությունների, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի, քաղաքական, տնտեսական, մշակութային և բարեգործական ոլորտների ներկայացուցիչներ: Նշենք նաև, որ կազմակերպությունն արդեն հրատարակել է «Հայկական տոլմայի բոլոր տարատեսակները» գիրքը, որում ներկայացվել է այդ ուտեստի 65-70 բաղադրատոմ:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 10114

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ